Վերջապես կայացավ երկար սպասված հեծանվարշավը: «Երկար սպասվածի» մեղավորը, ինչ խոսք, ես եմ: Այսպիսի արշավը ակնկալում էր կամային ու համարձակ հեծանվորդ-սեբաստացիների մասնակցությունը, ինչը, հաջողվեց; Հոկտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 9-ին, Մայր դպրոցի հեծանվային ակումբի մոտ հավաքվեցինք մի խումբ սեբաստացիներով: Հեծանվարշավի կարևորագույն մասնակիցներից էր տիար Բլեյանը: Իհարկե, գիտեինք՝ ճանապարհը երկար է ու դժվարամատչելի, բայց դա չէր կարող լինել խանգարող հանգամանք այսպիսի հաստատակամ սեբաստացիներիս համար: Շարժվեցինք արգավանդ-Էջմիածին-Աշտարակ ուղղությամբ դեպի Օշական: Ճանապարհը ընթանում էինք փոքրիկ կանգառներով, քանի որ չէինք կարողանում անտարբեր անցնել մեր շրջակա միջավայրի կողքով: Ցավալի է, որ կանգառների հիմնական պատճառը աղտոտված տարածքների առկայությունն էր (դրանք պետք էր տեսնել, լուսանկարել, բարձրաձայնել…ամո´թ է) Երբ կարելի էր կանգ առնել ու զմայլվել Հայաստանի գետերի խայտաբղետությամբ, փոխարենը՝ ապրում էինք տհաճ զգացողություն, քանի որ գետը վերածված էր աղբանոցի: Կարելի է ասել՝ մենք վարում էինք մեր հեծանիվները սեբաստացիական բուի աչքերով՝ մեր դիտակետից բաց չթողնելով ոչ մի կարևոր տեսարան:
Կայծակնային արագությամբ հասանք Օշական: Չկա երբևէ այնպիսի կատարյալ պատկեր, ինչպես սեբաստացիները հեծանիվների վրա: Չկա այնպիսի զարմանահրաշ տեսարան, ինչպես կրթահամալիրի տնօրենի հեծանվային շարասյունը: Դա տեսնել էր պետք, դա լուսանկարել էր պետք:
Կանգ առանք Քասաղ գետի մոտ: Բնության մեջ վայելեցինք համեղ բրդուճները և շարվեցինք առաջ: Օշականում էինք: Բայց Օշականում լինելը բավական չէ իրեն ամբողջությամբ ճանաչելու համար. անհրաժեշտ է բարձունք հաղթահարել. Նշմարեցինք վերում գտնվող փոքրիկ մատուռը: Մենք պատրաստ էինք: Սարի գլխից Օշականը ուրիշ համ ու հոտ ունի, երևում է գյուղը իր ամբողջ մեծությամբ, իր ամբողջ լայնությամբ ու խորությամբ… Հա´, հա´, լուսանկար էլ ենք, անպայման Դուք էլ կտեսնեք:
Հետ դարձին փոխեցինք ճանապարհի ուղղությունը: Վերադարձանք արդեն հաղթանակած: Վերջին կանգառը Մեդիա կենտրոնն էր: Սեղան գցեցինք Մեդիայի պատշգամբում և ճաշակեցինք համեղ ձմերուկն ու թխվածքները օրվա տպավորությունների հետ համեմված;
Ուխտագնացությունը հաջողվեց: Վերջիվերջո, ապացուցվեց, որ անհնարը միայն բառ է:












